Միրզոյան–Բայրամով բանակցություններն ավարտվել են. ի՞նչ են պայմանավորվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i214646-Միրզոյան_Բայրամով_բանակցություններն_ավարտվել_են._ի_նչ_են_պայմանավորվել
Բեռլինում ավարտվել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2024 13:51 Asia/Tehran
  • Միրզոյան–Բայրամով բանակցություններն ավարտվել են. ի՞նչ են պայմանավորվել

Բեռլինում ավարտվել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

Բանակցությունները մեկնարկել էին փետրվարի 28-ին և շարունակվել այսօր` փետրվար ի29-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում։

«Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։

Միրզոյանը Գերմանիային շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։

Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողությունները: Փաշինյանի խոսքով` Ալիևը ոչ թե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագրի է ձգտում, այլ ավելի շուտ` Հայաստանի նոր տարածքների գրավման: