Հայաստանը դեմ է Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելուն
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահն ասել է,- «Հայաստանի ինքնիշխան տարածքում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, և Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն»։
«Ժամանակակից ռազմավարություն» կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ԱԺ-ի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է. «Հայաստանը երբեք համաձայնություն չի տվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելուն»։
«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և հավասարության սկզբունքներով»,- ասել է Ռուբինյանը։
Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։Որոշ ժամանակ առաջ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել էր.«Մենք խորապես հավատում ենք. որ Կովկասում ժամանակն է լարվածության և հակամարտությունների շրջանից անցնել խաղաղության և համագործակցության ժամանակաշրջանին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այս առնչությամբ պայմանավորվածություններն ու քննարկումները և ևս մեկ անգամ շեշտում ենք, որ երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ և տարածաշրջանում պատմական տարանցիկ երթուղիները սահմանափակող որևէ միջոց»:
Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ տարածաշրջանային տրանսպորտային երթուղիներ բացելու Ադրբեջանի նախագահի փորձը կապ չունի առ այսօր այս առնչությամբ ստորագրված հայտարարությունների և կատարված բանակցությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար։ Երևանը համոզված է, որ այս ենթադրյալ միջանցքի ստեղծումը ընդմիշտ կկտրի Իրանի և Հայաստանի սահմանը և Բաքվին հնարավորություն կտա անարգել մուտք գործել Նախիջևանի ինքնավար հանրապետություն։