Բաքուն չի ընդունում ՀՀ բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը. փոխվարչապետի գրասենյակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i214972-Բաքուն_չի_ընդունում_ՀՀ_բնակավայրերի_տարածքների_օկուպացիայի_փաստը._փոխվարչապետի_գրասենյակ
Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Ազատությանը հայտնում են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2024 07:29 Asia/Tehran
  • Բաքուն չի ընդունում ՀՀ բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը. փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Ազատությանը հայտնում են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։

Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող Ադրբեջանը հրաժարվում է հետ քաշվել 31 հայկական գյուղերից։ 

«Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ», - հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից:

Ադրբեջանի պահանջած այս տարածքները Տավուշի մարզում են՝ հիմնականում անբնակ։ Ներքին Ոսկեպարի մոտով, օրինակ, անցնում է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։

Սահմանազատման հանձնաժողովի վերջին՝ հունվարյան հանդիպումից կողմերը ոչ մի մանրամասն չներկայացրին։ Հիմա էլ հրաժարվում են պատասխանել՝ արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստում քննարկվել է 4 ու 31 գյուղերի հարցը։