Միրզոյանն ակնկալում է Բայրամովի հետ համաձայնեցնել նոր հանդիպման ժամկետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i215000-Միրզոյանն_ակնկալում_է_Բայրամովի_հետ_համաձայնեցնել_նոր_հանդիպման_ժամկետը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ակնկալում է, որ շուտով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կհամաձայնեցվի նոր հանդիպման ժամկետը։ Այս մասին Միրզոյանը հայտարարել է Anadolu-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ մշտական կապի մեջ է Ջեյհուն Բայրամովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2024 15:47 Asia/Tehran
  • Միրզոյանն ակնկալում է Բայրամովի հետ համաձայնեցնել նոր հանդիպման ժամկետը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ակնկալում է, որ շուտով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կհամաձայնեցվի նոր հանդիպման ժամկետը։ Այս մասին Միրզոյանը հայտարարել է Anadolu-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ մշտական կապի մեջ է Ջեյհուն Բայրամովի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Բաքվի հետ շատ հարցերում հնարավոր է եղել համաձայնեցնել դիրքորոշումները, սակայն հակասություններ մնում են երկու կարևոր դրույթներում` երկու երկրների սահմանների սահմանազատման սկզբունքները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային գծերի ապաշրջափակումը։

Հայաստանը չի ցանկանում նոր սահմաններ գծել և պնդում է, որ ապագա խաղաղության պայմանագրում արձանագրվեն1991 թվականի Ալմաթայի հռչակագրում ամրագրված սկզբունքները։ Սակայն այս հարցում Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերել չի հաջողվում։

Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա Երևանը դեմ է, որ Հայաստանով անցնող երթուղիների անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ դրանք գտնվում են։ Այս սկզբունքը հավասարապես պետք է կիրառվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա։ Սակայն Ադրբեջանը դեմ է այդ սխեմային։