Ի՞նչ հետևանքներ կարող են լինել ԵՄ առաքելության մասին ընդունված համաձայնագրի արդյունքում
(last modified Thu, 21 Mar 2024 08:03:24 GMT )
Մարտ 21, 2024 11:33 Asia/Tehran
  •  Ի՞նչ հետևանքներ կարող են լինել ԵՄ առաքելության մասին ընդունված համաձայնագրի արդյունքում

ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրով ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվում է ռազմական ներկայության` Հայաստանի համար համապատասխան հետևանքներով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում վավերացված փաստաթղթի հնարավոր հետևանքները։

Հայտնել ենք, որ մարտի 20-ին ՀՀ ԱԺ-ն 57 կողմ և 27 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։ Բացի այդ, դիտորդական առաքելությանը մասնակցության իրավունք կստանան նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրները։

«ԵՄ առաքելությունն այս համաձայնագրով հերթական քայլն է անում Արևմուտքի ոտքն այստեղ պնդացնելու և ռուսական ռազմական ներկայությունը իրենով փոխարինելու ուղղությամբ` միաժամանակ օգտվելով բոլոր այն առավելություններից, որ այս համաձայնագրով իրեն տրվելու է։ Այս փաստաթղթով մենք փաստացի ունենում ենք մի առաքելություն` բավականին բազմամարդ, որն առանց խոչընդոտի շարժվում է մեր հանրապետության ցանկացած տարածքում, և այդ շարժն անխոչընդոտ ապահովելու հանձնառությունն իր վրա է վերցնում պետությունը։ Առաքելության մեջ ներգրավված անձինք ցանկացած գործողություն կարող են իրականացնել և դրա համար որևէ քրեական կամ այլ պատասխանատվության չենթարկվել» ,– ասաց Աղաջանյանը։

ՀՀ նախկին դեսպանն արձանագրում է, որ ԵՄ առաքելության անդամները համաձայնագրի արդյունքում փաստացի վայելելու են շատ ավելի մեծ արտոնություններ, քան ՀՀ–ում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների հավատարմագրված անձնակազմերը, և կարող են մեր հանրապետության ցանկացած անկյունը մուտք գործել, այդ թվում` հայ–թուքական սահման։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ առաջիկայում ԵՄ առաքելության թվակազմն ավելացնելուց հետո իրենց երթևեկելի դիտորդական առաքելությունը հիմնավորելու համատեքստում փորձ անեն ՌԴ սահմանապահներին դուրս բերել ՀՀ–ից` ասելով, որ իրենք կարող են փոխարինել նրանց։

Բացի այդ, որևէ վերահսկողության չեն ենթարկվելու ԵՄ դիտորդների հավաքագրած փաստերը։ Այս համատեքստում Ձյունիկ Աղաջանյանը հիշեցնում է Ուկրաինայի օրինակը, որտեղ արևմտյան տարբեր կառույցներ տարբեր առաքելությունների անվան տակ իրականում հետախուզական տվյալներ էին հավաքագրում, որոնց արդյունքում ի վերջո փաստացի վնաս հասցվեց տվյալ պետությանը։

«Մեր պարագայում մենք անգամ ունենք ԵՄ առաքելության ղեկավարի հստակ հայտարարությունը, որ իրենք իրենց հավաքագրած տեղեկատվությունը Բրյուսելի միջոցով փոխանցում են Ադրբեջանին։ Թե ինչ կարգի տեղեկատվություն է գնում, ուր է գնում և ինչ կերպ է այն օգտագործվելու, փաստացիորեն մեր պետությունը բացարձակապես վերահսկողություն չի ունենալու, և այս առումով ԵՄ առաքելությանը տրվում է լիակատար ազատություն»,– արձանագրում է դիվանագետը։

Լիակատար ազատութուն է տրվում նաև ՀՀ տարբեր հատուկ միջոցներ ու տեխնիկա ներմուծելու հարցում, Աղաջանյանը չի բացառում, որ այդ անվերահսկելի ներմուծման արդյունքում ՀՀ կարող է բերվել ռազմական տեխնիկա ու զինամթերք։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն դրույթը, որ դիտորդական առաքելությանը մասնակցության իրավունք են ստանում նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրները, ապա, ինչպես նախկին դեսպանն է ասում, ստացվում է, որ սա փաստացի ՆԱՏՕ–ի առաքելությունն է` ԵՄ–ի անվան տակ։

«Ես չեմ զարմանա, որ եթե մենք ոչ վաղ անցյալում ունեցել ենք կանադացի դիտորդներ, հիմա կարող ենք ունենալ ամենատարբեր երկրներից ներգրավված անձինք։ Եվ այս համաձայնագրում չկա նրանց կազմի ձևավորման որևէ սահմանափակում` մեր պետության հանձնառության տեսակետից»,– նկատում է նախկին դեսպանը։

Ձյունիկ Աղաջանյանը նաև փաստում է, որ համաձայնագրի արդյունքում Հայաստանը տուժելու է նաև ֆինանսապես, քանի որ համաձայնագրով ամրագրված է նաև ԵՄ առաքելությանը հարկերից, տուրքերից, մաքսային վճարումներից ազատելու դրույթը։ Իսկ գույքի վնասվելու դեպքում նաև որոշակի փոխհատուցում է նախատեսվում։  Նման կարգավորում չկա նույնիսկ դիվանագիտական ներկայացուցչությունների համար։

Հիշեցնենք` Եվրոպայի խորհրդի որոշմամբ` մշտական հիմունքներով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պաշտոնապես տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։ Ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է (նախկին 138-ի փոխարեն):