Մարտ 23, 2024 10:36 Asia/Tehran
  • Նովրուզը գեղեցիկի հեքիաթն է, որում ներգրավված են բնությունը, զգացմունքները և հասարակությունը․Երևանում նշվեց բարեկամ երկրի ազգային տոնը

Հայաստանում Իրանի դեսպանությունն Իրանի բիզնես կենտրոնում հանդիսավոր պայմաններում նշեց Նովրուզի տոնը։

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ողջույնի խոսքում նշեց, որ բոլոր իրանցիներին, անկախ նրանց կրոնական, լեզվական, էթնիկ և տարաշածրջանային պատկանելությունից, նման ավանդույթներն են տոնում և ցույց տալիս Իրանի ժողովրդի բազմաթիվ ծեսերի նմանությունն ու միատարրությունը, ինչի արդյունքում ստեղծվում է ընդհանուր մշակույթ, որն իրականում ազգային ինքնությունը կերտող գործոններից մեկն է։

«Նման արարողություններն ու ծեսերը կանխորոշված վարքագծային սովորույթներ չեն, որովհետև չկա որևէ ընդգրկուն և կրկնվող գործողություն, որը կարող է տարիներ շարունակ հարատևել և, անցնելով ավերիչ իրադարձությունների միջով, շարունակել ներթափանցել մարդկանց սրտերն ու հոգիները, եթե այն ինքնատիպ, իմաստալից, արդարացի և սուրբ չէ։ Նովրուզը վերածննդի ամենամեծ տոնն է, բոլոր առասպելների միակ առեղծվածը և իրանական մշակույթի նշանավոր խորհրդանիշը, որը գոյատևել է հազարամյակներ։ Նովրուզը պարզապես տոն չէ, այլ մեր ննջեցյալների կենդանի ծեսը, այն դարեր շարունակ գոյություն ունի և, հաստատելով իր համաշխարհային համբավը, փայլում է, ինչով մենք հպարտանում ենք։ Նովրուզը արհեստական, սոցիալական պայմանագիր կամ քաղաքականապես պարտադրված տոնակատարություն չէ, այլ աշխարհի տոնն է, երկնքի, երկրի և արևի ցնծության, ծաղկման ու խանդավառության օրն է, լի է հուզմունքով»,- ասաց Սոբհանին։

Դեսպանի խոսքով՝ Նովրուզը բռնում է մարդկանց ձեռքն ու նրանց դուրս բերում տանիքների տակից, փակ դռների հետևից, խեղդող տարածքներից՝ նրանց ձգելով դեպի ազատ ու անսահման բնության գիրկը։ Սա տոն է՝ գարունից ջերմացած և արարչագործության հուզմունքից ու դողդոջուն արևից լուսավորված, ծաղիկներով զարդարված, բողբոջներով ու կանաչով արբեցած։

«Գիտության և գրականության մեջ կրկնությունը ձանձրալի է ու անիմաստ, բանականությունը կրկնություն չի սիրում, սակայն զգացմունքը և բնությունը սիրում են կրկնություն, իսկ հասարակությունը կրկնության կարիք ունի։ Բնությունը ստեղծված է կրկնությունից և հասարակությունը կրկնելով ուժեղանում է, իսկ զգացմունքները կրկնվելով կենդանանում են։ Նովրուզը գեղեցիկի հեքիաթն է, որում ներգրավված են բնությունը, զգացմունքները և հասարակությունը»,- ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Դիվանագետի դիտարկմամբ՝ այս հինավուրց ավանդույթը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հանդիսանում է այն տոնող բոլոր ազգերի մշակույթի ներդաշնակության և կապի գործոն։ Այս ավանդույթի կայունության գաղտնիքը, որպես ընդհանուր կապ Իրանի քաղաքակրթության տիրույթի հետ, մշակութային բաղադրիչի մեջ է, որտեղ թաքնված են քնքշանքն ու ընկերությունը, սերն ու բարությունը, խաղաղությունն ու մարդասիրությունը, խաղաղ համակեցությունը։

«Թող, որ նոր տարում Իրանի և Հայաստանի միջև, մեր ժողովուրդների միջև երկարամյա կապը առավել ամրապնդվի։ Կե՛ցցե Իրանը, կե՛ցցե Հայաստանը»,- եզրափակեց իր խոսքը Մեհդի Սոբհանին։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն իր շնորհավորանքի խոսքում նշեց, որ պատիվ է ներկա գտնվել անհիշելի ժամանակներից նշվող այս տոնակատարությանը, որը խորհրդանշում է գարնան գալուստն ու բնության զարթոնքը։

«Հայաստանի և Իրանի հարաբերություններն ունեն հազարամյակների տարեգրություն, իսկ փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում թրծված երկկողմ շփումները կրել և կրում են շարունակական բնույթ։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է։ Դրա մասին են վկայում սերտ ու հաճախակի շփումները երկու պետությունների բարձր և բարձրագույն ղեկավարության միջև, ինչպես նաև կյանքի կոչվող ու նախանշվող բազմաթիվ ծրագրերը։ Դրանք առանձնահատուկ են իրենց բովանդակությամբ ու նշանակությամբ և հիմք են դառնում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման նոր հնարավորությունների համար։ Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցությունը մշտապես հագեցած կլինի նոր նախաձեռնություններով՝ շարունակելով իր կայուն զարգացումն ու ամրապնդումը»,- ասաց Սվաջյանը՝ բարեկեցություն և խաղաղություն մաղթելով երկու պետությունների ժողովուրդներին։

Նովրուզի տոնակատարության արարողությունն ուղեկցվեց տոնական տեսահոլովակների ցուցադրությամբ, իրանական ազգային երաժշտության կատարումներով և ավանդական արևելյան հյուրասիրությամբ։

 

Պիտակ