Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվում է «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» միջազգային համաժողով։
Համաժողովին հրավիրված են մասնակցելու ՀՀ և միջազգային հայտնի 30 պատմաբաններ, գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ ու քաղաքագետներ։
Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից նշում են, որ համագումարն անցկացվում է ապրիլին՝ շեշտելու համար Ցեղասպանության անպատժելիությունը իբրև հետևանք շարունակվող ցեղասպանությունների ու Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանական գործողություններն Արցախի Հանրապետությունում։
Արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույց է կարդալու «Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը և արցախահայության վերադարձ իրավունքը» թեմայով։
Քննարկումներին հրավիրված է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով այժմ գլխավորում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի աշխատանքները։ Նիստերին ներկա է լինելու նույն հանձնախումբի անդամ և Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ Մարիօ Նալպանտեան, որ պիտի ուղեկցի Լուիս Մորենո Օկամպոյին։
Հայաստանից համաժողովին կմասնակցեն ՀՀ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը և ուրիշներ։
news.am