ՀՀԿ-ն դիմում է ՌԴ-ին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը կասեցնելու համար
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դիմում է Ռուսաստանին՝ կոչ անելով կասեցնել խաղաղապահ զորախմբի դուրսբերումն ու հարցի շուրջ գործընկերային քննարկում սկսել։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՀԿ գերագույն մարմինը։
Նշվում է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար, դա նաև լրջագույն հարված է հասցնելու արցախահայության վերադարձի տեսլականին:
«Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տապալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից»,- նշված է ՀՀԿ հայտարարության մեջ։
Նաև շեշտվում է, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները, ինչի պիտի տեսանելի ու ընկալելի լինի նաև ՌԴ մեր գործընկերների համար:
Միաժամանակ, ՀՀԿ-ն ընդգծում է՝ որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալներին, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանին՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից:
ՀՀԿ-ն նաև կոչ է անում ազգովի համախմբմվել, սկսել քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով: Միաժամանակ, դիմում են նաև միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵՄ և ԱՄՆ գործընկերներին՝ առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը։
arm.sputniknews.ru