Այհան Հաջիզադե․ Ադրբեջանը ԼՂ ներկայացուցիչներին ազատելու պարտավորություն չունի
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե Ադրբեջանը ԼՂ ներկայացուցիչներին ազատելու պարտավորություն չունի։
Նա նաև ասել է, թե հայկական կողմի հայտարարությունները ռազմագերիներին վերադարձնելու մասին ծիծաղելի են, գրում է APA–ն։
«Ադրբեջանը մինչ օրս հավատարիմ է եղել հումանիզմի սկզբունքներին և հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը հայկական ծագումով հանցագործներին և անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին ազատ արձակելու ոչ մի պարտավորություններ չունի»,–ասել է նա։
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 10–ին 2 բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ և կոչ արել ազատ արձակել հայ ռազմագերիներին։
Փաստաթղթերի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկած ԱԳ նախարար Կասպեր Վելդքամփը հավանություն է տվել բանաձևերին և կոչ արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին և մյուս գերիներին՝ անվանելով նրանց ռազմագերիներ,
Դա անմիջապես բացասական արձագանք է ստացել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն «անընդունելի» է անվանել Վելդքամփի հայտարարությունը և կոչ է արել «լարվածություն չստեղծել» երկկողմ հարաբերություններում։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։