Երեւանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i21781-Երեւանում_կայացել_է_վիզաների_դյուրացման_հարցերով_ՀՀ_ԵՄ_համատեղ_կոմիտեի_երրորդ_նիստը
Հունիսի 14-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2016 18:14 Asia/Tehran
  • Երեւանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը

Հունիսի 14-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի մասնակիցներին ողջունի խոսք ուղղեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: Փոխնախարար Նազարյանն իր խոսքում շեշտեց, որ ներկայումս միգրացիոն հոսքերի կառավարման եւ անվտանգության ոլորտում ԵՄ առաջ կանգնած մարտահրավերների հետ մեկտեղ պետք է ճանապարհներ գտնել շարժունակության եւ մարդկանց միջեւ շփումների համատեղ հանձնառությունը պահպանելու համար: Նշվեց նաեւ, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել թե Վիզաների դյուրացման եւ թե Հետընդունման ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացմանը, եւ հույս հայտնեց նաեւ, որ այդ համաձայնագրերի հաջող իրականացումը կհանգեցնի ՀՀ հետ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչն ամրագրված է Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համաձայնագրի իրականացման հետ կապված մի շարք գործնական հարցերի: ԵՄ կողմն արձանագրեց վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագրերի դիմումների աճը: Երկուստեք շեշտվեց հանրային իրազեկվածուցության բարձրացման կարեւորությունը:

Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացավ նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը:

Հայկական կողմից վերը նշված նիստերը նախագահում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ԵՄ կողմից` Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ Ներքին գործերի գլխավոր տնօրինության Վիզաների քաղաքականության բաժանմունքի պետի տեղակալ Դիդրիկ Պալմանը եւ նույն տնօրինության Անկանոն միգրացիայի եւ վերադարձի բաժնի «Վերադարձի եւ հետընդունման» ոլորտի ղեկավար Դան Ռոտենբերգը:

Ի գիտություն. Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված էր համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: Կոմիտեների անդրանիկ նիստերը տեղի են ունեցել 2014թ.-ի սեպտեմբերին՝ Երեւանում: