Հայաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց
(last modified Mon, 03 Jun 2024 07:58:02 GMT )
Հունիս 03, 2024 11:28 Asia/Tehran
  • Հայաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու նախագիծը վավերացնելուն:

«Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ դեռ 2017 թվականից քննարկվել է ՀՀ կառավարության կողմից Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու հարցը:

2019թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ Հայաստանը 5 բաժնեմասով բաժանորդագրվի բանկին, սակայն առաջարկը սկզբունքորեն մերժվել է բանկի կողմից՝ նշելով, որ 5 բաժնեմասով բաժանորդագրված են բացառությամբ ամենափոքր թեկնածուները:

«Միանալու ենք 374 բաժնեմասի բաժանորդագրությամբ, գումարը վճարվելու է 5 մասով՝ ամեն տարի ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով: Կարծում ենք, որ ռիսկերի և վարկային միջոցների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից նախագիծն արդարացված է»,–ասաց Նարեկ Հովակիմյանը:

Թե ինչ կտա Հայաստանին բանկին միանալը՝ Հովակիմյանն ասաց, որ ներդրումային բանկի անդամ դառնալով՝ ներդրումների տեսանկյունից լայն սպեկտոր է բացվում:

«Այս պահին հիմնական նպատակներից մեկն այն է, որ հնարավորություն ենք ունենում դառնալ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության մեծ ներդրումային ծրագրի անդամ և ենթակառուցվածքների առումով ներգրավել մի շարք ներդրումներ և ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ»,–ասաց նա: