Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` ընդգծելով, որ նա շատ փայլուն պաշտպանում է կարմիրբերետավորների իրավունքները։
Իրավապաշտպանը անդրադարձավ այն մարդկանց, որոնք այս պահին քաղաքական նկատառումներով գտնվում են անազատության մեջ։ Նրանց մեջ կան նաև Արցախից բռնի տեղահանված անձիք։ Նա այս ամենը համարեց ամոթալի, քանի որ բոլոր գործերն, ըստ նրա, մտացածին են։
Նշենք, որ շարժման սկզբից 5 փաստաբան ստանձնել են ձերբակալված, կալանավորված, բերման ենթարկված ակցիաների մասնակիցներին անվճար պաշտպանելու գործառույթը։
«Մենք ճակատներս բաց ասում ենք, որ ունենք քաղբանտարկյալներ, տնային կալանքի տակ գտնվողներ ու քաղաքական հետապնդման ենթարկվողներ։ Ինչո՞ւ ենք էսքան վստահ, որովհետև երկակի ստանդարտներն ուղղակի ակնհայտն են ու տեսանելի։ ԱԳՆ–ի դիմաց շատերդ տեսաք` ոնց մարդկանց ծեծեցին։ Մի հոգի ոստիկան պատժվե՞ց»,– ասաց Մելիքյանը։
Նա հավելեց, որ քանի դեռ ոստիկանները չեն պատժվել իրենց արարքների համար, մարդկանց նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում` ձերբակալում ու կալանավորում, ապօրինի է։