Վաղվանից սկսած` ընդամենը 4 օր, առանց դադարի լինելու ենք փողոցում. Բագրատ սրբազան
Վաղվանից սկսած ընդամենը 4 օր առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի լինելու ենք փողոցում` մեր կամքը պարտադրելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը` խոսելով առաջիկա անելիքների մասին։
«Մեր պահանջը մնում է հրաժարականը, սակայն մյուս քաղաքական լուծումները, որ արծարծվել են հրապարակի վրա բացառված չեն ու քննարկելի են»,–ասաց նա։
Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին ժամը 16։30–-ին նախաձեռնել նիստ` կառավարության հրատարակի օրակարգով։
«Երկրորդ` հունիսի 10–ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ անցկացնելու մասին։ ՔՊ–ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով ու համոզմունքով։ Մենք մեր ներկայությամբ չենք թողնելու, որ հերթական սխալը գործեն»,–իր ելույթում ասաց շարժման առաջնորդը։
Նա դիմեց նաև ուսուցիչներին, դասախոսներին ու արվեստի գործիչներին.
«Բոլորիս համար, բայց հատկապես ձեր ճշմարտության ժամն է։ Հիմա կամ երբեք։ Մտավորական ու արվեստագետ, ուսուցիչ ու դասախոս խաղալու ժամանակը չէ, վաղը դուք ոչինչ չեք ունենալու մատուցելու ձեր աշակերտներին, ուսանողներին ու հետևորդներին»։
Նա դիմեց նաև քաղաքական կուսակցություններին ու հորդորեց բոլորին ավելի խտացված շարքերով ամբողջական ներդրումով ու մասնակցությամբ մասնակից լինել կյանքի վերականգնման այս ընթացքին։
«Մի պահ մոռացեք հանուն Աստծո, հանուն մեր պետության, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր գալիքի, հանուն ճշմարտության ու արդարության մոռացեք բոլոր քաղաքական շահերը, հոսքերն ու կողմնորոշումները, տարաբնույթ մոտեցումները։ Դարձեք մեկ ամբողջություն, մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ կամք»։
Սրբազանը հայտարարեց, որ 3–րդ քայլը այն է, որ համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին ու նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։
«Դիմում եմ բոլոր գործարարներին, դեռևս առանց անունների, իմ ծանոթ գործարարներին, ովքեր մինչ այս շարժումը անընդհատ խոսում էին իշխանություններից ազատվելու մասին։ Շատերիդ չտեսա այստեղ, երևի փորձել եք թաքուն գործել, բայց մենք դեռ իրար աչքերի մեջ նայելու ժամանակ կունենանք»,–ասաց նա։