44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ. Փաշինյանը՝ զենքի կիրառմամբ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի մասին
Արդեն հայտնել ենք, որ զենքի կիրառմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճ կա: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դա, թերևս, կարող է առաջացնել նաև տագնապի զգացողություն:
«Սովորական գողության դեպքում, ով անմիջապես թիրախավորված չէ, սովորաբար չի իմանում կամ ուշ է իմանում դրա մասին, և դա տագնապի զգացողություն չի առաջանցում, բայց երբ հնչում են կրակոցներ, դրա մասին իմանում են շատ մարդիկ, այդ կրակոցի մասին խոսակցությունը շատ արագ տարածվում են և դառնում լուրջ քննարկման առարկա»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այստեղ կա նաև այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ:
«Մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք, Անվտանգության խորհրդում է այդ թեման քննարկվել, ես նաև ՆԳ նախարարին եմ տվել հանձնարարականներ, որ մենք ապօրինի զենք--զինամթերքի փնտրտուքների հետ կապված մեր մեթոդաբանությունները պետք է որոշակի վերանայենք: Նոր մեթոդների կիրառությամբ մենք որոշակի՝ ոչ մեծ, բայց արդյունքներ ունենք», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը:
«Այստեղ ընտրության հարց կա՝ օրինական զենքը ինչքանով պետք է հանդուրժելի լինի մեզ համար: Հիմա զենք բերելու հնարավորություններն են շատացել, օրինական զենք ձեռք բերելու: Ճիշտ կլինի, որ մենք տեսնենք, թե զենքի կիրառմամբ այդ առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների քանի տոկոսն է օրինական զենքով իրականացվել և քանի տոկոսը՝ անօրինական զենքով, որը մեզ հետևություն անելու հնարավորություն կտա:
Հիմա հայեցակարգային ընտրությունը հետևյալն է, թե զենքով ապօրինի հարձակման ենթարկվող մարդկանց մեր հայեցակարգային պատկերացումներով մենք արդյո՞ք ուզում ենք վերապահել օրինական զենքով պաշտպանվելու հնարավորություն, թե չենք ուզում վերապահել», - հայտարարեց նա: