Ադրբեջանը կործանիչների ձեռքբերման խոշոր գործարք է կնքել Պակիստանի հետ
(last modified Mon, 09 Jun 2025 14:55:37 GMT )
Հունիս 09, 2025 18:25 Asia/Tehran
  • Ադրբեջանը կործանիչների ձեռքբերման խոշոր գործարք է կնքել Պակիստանի հետ

Պակիստանն Ադրբեջանին վաճառում է չորրորդ սերնդի 40 JF-17 Thunder կործանիչ ինքնաթիռներ։

Այս մասին հաղորդում է Forbes պարբերականը։Նշվում է, որ Բաքուն պաշտոնապես ընդլայնել է JF-17-երի իր պատվերը և այդ թիվը 16-ից հասցրել է 40-ի։

Այս գործարքը մաս է կազմում 4,6 միլիարդ ԱՄՆ դոլարի պաշտպանական համաձայնության, որի մասին Պակիստանի կառավարությունը հայտնել էր X սոցիալական հարթակում հունիսի 6-ին։

 X-ում կատարված գրառման մեջ Պակիստանի կառավարությունը նաև նշում է, որ բացի 4,6 միլիարդ դոլարի պաշտպանական համաձայնագրից՝ Ադրբեջանի հետ ձեռք է բերվել նաև 2 միլիարդ դոլարի ներդրումների համաձայնություն։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ները դեռ մայիսի վերջին էին հայտնել, որ Բաքուն ավելացրել է կործանիչների թիվը, և համաձայնագրի արժեքը 1,6 միլիարդ դոլարից ավելացել է մինչև շուրջ 4,2 միլիարդ դոլար։

Այնուամենայնիվ, այս հրապարակումները պաշտոնապես չէին հաստատվել ո՛չ Բաքվի, ո՛չ Իսլամաբադի կողմից։

 Ադրբեջանն իր առաջին JF-17 կործանիչները ստացել է 2024 թ. սեպտեմբերի 25-ին։ Բաքուն այժմ կստանա կործանիչների ավելի թարմ տարբերակը՝ JF-17D Block III-ը, որը հագեցած է ակտիվ էլեկտրոնային սկանավորված ռադարներով և այլ համակարգերով ու զենքերով, որոնք սովորաբար լինում են 4,5 սերնդի առաջադեմ ինքնաթիռներում: 

RANE ռիսկերի հետաքննության ընկերության վերլուծական բաժնի տնօրեն Սեմ Լիխտենշտեյնը Forbes-ին հայտնել է, որ JF-17-ների չորրորդ սերունդն ունի որոշակի գործառնական սահմանափակումներ, օրինակ՝ սթելս տեխնոլոգիայի բացակայություն՝ ի տարբերություն հինգերորդ սերնդի կործանիչների, սակայն այն արդյունավետ տարբերակ է՝ համեմատած արևմտյան կամ ռուսական շատ մրցակից տարբերակների հետ, և դրանց ձեռքբերումը կօգնի արդիականացնել Ադրբեջանի հին և ավելի քիչ կարողություններ ունեցող խորհրդային արտադրության ինքնաթիռների հավաքակազմը։

 «Բացի այդ, JF-17-ը համատեղելի է թուրքական մի շարք համակարգերի հետ, որոնք Ադրբեջանն արդեն ունի, ինչն այն ավելի գրավիչ է դարձնում», - հավելել է  վերլուծաբանը։ 

armenpress.am