Հայաստանի տեսուչները 2025–ից կընթերցեն ԵԱՏՄ երկրների ապրանքների QR-կոդերը, և հակառակը
Հաջորդ տարի ԵԱՏՄ հարկային մարմինները նախատեսում են փորձարկել ապրանքների հսկիչ նշանների միասնական համակարգ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը։
QR-կոդով հսկիչ նշանները, ի տարբերություն դրոշմապիտակների, թույլ են տալիս վերահսկել ոչ միայն տվյալ ապրանքախմբի, այլ յուրաքանչյուր միավոր ապրանքի շրջանառությունը (կոդը պարունակում է տվյալներ այդ ապրանքի արտադրության և իրացման մասին)։
Ներազգային մակարդակով ԵԱՏՄ երկրներն արդեն շուրջ երկու տարի է` ներդնում են այդ նշանները։ Հայաստանը սկսել է դրանք կիրառել ըմպելիքների, ծխախոտի և շշալցված ջրի համար, իսկ կառավարության` օրերս ընդունված որոշմամբ` նաև էլեկտրոնային ծխախոտի համար։
Հունվարի 1-ից հսկիչ նշանների պիտի անցնեն բոլոր դրոշմապիտակավորվող ապրանքները (այսինքն` գրեթե ամբողջ փաթեթավորված սննդամթերքն ու շշալցված ըմպելիքները, ինչպես նաև մի շարք ոչ պարենային ապրանքներ)։
Այժմ ԵԱՏՄ երկրների հարկային մարմինները պլանավորում են հսկիչ նշանների ընթերցման միասնական համակարգ։
«Մեր տեսուչները կկարողանան ընթերցել ԵԱՏՄ այլ երկրներից ներմուծված ապրանքների QR-կոդերը, և հակառակը։ Սա թույլ կտա հետևել ապրանքների շարժին միության ողջ տարածքում, իսկ ապրանքները կրկնակի դրոշմավորման կարիք չեն ունենա։ Այդ կարգավորումն ընդունված է, հիմա աշխատում ենք ազգային համակարգերի ինտեգրման վրա։ Քննարկում ենք նաև, թե որ ապրանքներով սկսենք փորձնական միասնական ծրագիր. ինչպես նշեցի, հավանաբար, դա կլինի եկող տարի», – հավելեց ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը։
Նշենք` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հսկիչ նշանների կիրառման համակարգը հաստատել է 2018 թ. նոյեմբերին, որից հետո անդամ երկրներն այն սկսել են գործարկել տարբեր ապրանքախմբերի վրա։