Գնել Սանոսյանը Թուրքիայում է. նա վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ ապաշրջափակել կապուղիները
https://parstoday.ir/hy/news/armenia-i224404-Գնել_Սանոսյանը_Թուրքիայում_է._նա_վերահաստատել_է_ՀՀ_դիրքորոշումը_ապաշրջափակել_կապուղիները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Թուրքիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2024 15:22 Asia/Tehran
  • Գնել Սանոսյանը Թուրքիայում է. նա վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ ապաշրջափակել կապուղիները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Թուրքիայում։

Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ստամբուլում մասնակցում է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։

Իր ելույթում նախարարը խոսել է ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծման մասին։

«Տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է»,- ասել է Սանոսյանը։

Նա վերահաստատել է հայկական կողմից դիրքորոշումը՝ իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիներն ապաշրջափակելու, նորերը ստեղծելու պատրաստակամությունը։

Նախարարը հավելել է, որ ըստ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։