ՀՀ–ն և Թուրքիան միասին կգնահատեն երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Միրզոյան
(last modified Fri, 18 Oct 2024 14:03:48 GMT )
Հոկտեմբեր 18, 2024 17:33 Asia/Tehran
  • ՀՀ–ն և Թուրքիան միասին կգնահատեն երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի–Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ  ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը, Ստամբուլում տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանն իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի–Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Միրզոյանը հիշեցրել է, որ Ադրբեջանին հայկական կողմն առաջարկել է իր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ:

ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի համատեղ գնահատումից հետո Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան–Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։

«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։