Կազանում տեղի է ունեցել Մասուդ Փեզեշքիանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
(last modified Thu, 24 Oct 2024 09:02:14 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 12:32 Asia/Tehran
  • Կազանում տեղի է ունեցել  Մասուդ Փեզեշքիանի և Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը

Կազանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ:

ԻԻՀ  նախագահը կարևորել է ՀՀ  հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:

ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել ԻԻՀ  հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքյանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:

 ԻԻՀ նախագահը նախկինում հանդիպել և զրուցել է  Ռուսաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Հարավային Աֆրիկայի նախագահների և ԱՄԷ կառավարության ղեկավարի հետ։

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:

2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։

 

Պիտակ