Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում
(last modified Tue, 26 Nov 2024 14:31:34 GMT )
Նոյեմբեր 26, 2024 18:01 Asia/Tehran
  • Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, - հայտարարել է դիվանագետը,– նիստը հայկական կողմի խնդրանքով կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, բայց կնախագահի ՀՀ վարչապետ Փաշինյանը»:

ՌԴ նախագահի օգնականը հավելել է` հրավերներն ուղարկվել են։

Միաժամանակ Ուշակովը հաստատել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը զգուշացրել է, որ դեմ չէ նիստում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:

Նա նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում հայ գործընկերների` արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը, սակայն Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները:

«ՀԱՊԿ-ի աշխատանքին ֆիզիկապես վերադառնալու համար դռները բաց են, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն իրենց համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում», - հավելել է Պուտինի օգնականը:

Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում: Միջոցառմանը, բացի գագաթնաժողովը հյուրընկալող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևից, կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը:

Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։

Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։

arm.sputniknews