Երևանի կենտրոնում 1 սենյականոցի գույքահարկը կհասնի 200-250 հազարի. թանկացումներ-2025
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432 000 բնակարան։ 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, անշարժ գույքի հարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։
2025թ–ի վերջին և 2026թ–ի սկզբում Երևանի հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում անշարժ գույքի հարկը կհասնի ահռելի չափերի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
«Եթե նախկինում գույքահարկի հաշվարկի բազան գույքի կադաստրային արժեքն էր, ապա այսօր հիմք է վերցվում շուկայական արժեքի ինչ–որ գնահատում, որի կիրառման ու հաշվարկի բանաձևի արդյունքում մենք ստանալու ենք մի իրավիճակ, որ Կենտրոնում ապրող քաղաքացին գործնակնում ունենալու է մի ահռելի ֆինանսական ծանր բեռ»,– նկատում է տնտեսագետը` հավելելով, որ գույքահարկի հաշվարկի նոր բանաձևում հաշվի են առնվելու ոչ միայն գույքի գտնվելու վայրի գոտիականություն, այլև հարկայնությունը, տարիքը, շինության ձևը, անգամ՝ տանիքի կառուցվածքը։
Այս բոլոր գործակիցների համադրման արդյունքում, ըստ Կամենդատյանի, Երևանի կենտրոնում գտնվող 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի տարեկան 200-250 հազար դրամ, 2-3 սենյականոցինը` 400 հազար և ավելի։ Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքի ծայրամասերում 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի շուրջ 30-40 հազար դրամ։
Ընդ որում, ֆինանսական ավելացող բեռի ողջ ծանրությունը երևանցիները կզգան ոչ թե տարեսկզբին, այլ հիմնականում 2025 թ–ի դեկտեմբեր ամսին, քանի որ գույքահարկի վճարման վերջնաժամկետը տարեվերջն է։