Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
Հունվարի 4–ի առավոտյան ձերբակալված ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
«Ինչպես և ենթադրվում էր, 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չտրամադրելուց հետո դատավոր Մասիս Մելքոնյանը, անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,–գրել է Խաչատրյանի պաշտպանը։
Նա նշել է, որ այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ), դրանից բացի, այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում։
Հավելենք, որ Հ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք` Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչում է ստացել պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ` 2021 թվականի փետրվարին, գեներալը
հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Խաչատրյանի հեգնական հայտարարություններն էին ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների մասին հայտարարության։ Վարչապետը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»։ Իր հրաժարականից հետո գեներալը բազմիցս քննադատել է իշխանությունների քաղաքականությանը և մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։
Նշենք, որ գեներալը ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի գործով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, որը կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։