ՇՆՈՐՀԱՎՈՐ ՔՐԻՍՏՈՍԻ Ս. ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը նշում է հունվարի 6-ին: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան։
Հունվարի 5-ի երեկոյան Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուս: Հավատացյալները Քրիստոսի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:
Հունվարի 6-ին Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կատարվում է ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:
Իրանահայերը ևս շուքով նշում են Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոները և մասնակցում են բոլոր եկեղեցիներում տեղի ունեցող կրոնական արարողություններին։
Հունվարի 7-ին Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ՝ ննջեցյալների հիշատակին: Ավարտին կատարվում է Հոգեհանգստյան կարգ:
ԻԻՀ Սահաբ ցանցի հայկական ալիքի տնօրինությունն ու աշխատակիցները Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորում են բոլոր քրիստոնյաներին, հատկապես իրանահայերին և մաղթում ուրախություն, խաղաղություն և օրհնյալ կյանք։