Ադրբեջանն 90 տոկոս հավանականությամբ պատերազմ կսկսի Հայաստանի դեմ. Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր
Հաշվի առնելով իրադարձությունների ընթացքը՝ 90 տոկոս հավանականությամբ պետք է սպասել պատերազմի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ, սա ժամանակի հարց է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նա հուսով է, որ դա տեղի չի ունենա՝ միաժամանակ նշելով այն բանի ցածր հավանականությունը, որ այդ հույսերը կարդարանան։
Բեգլարյանն ավելացրել է, որ համաշխարհային հանրությունն այնքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի ճակատագրով։ Նրա խոսքով, եթե ակտիվ դիվանագիտական աշխատանք տարվի, Հայաստանը կարող է մերկացնել Ալիեւին, սակայն համաշխարհային հանրության չափակից արձագանքը պահանջում է հսկայական աշխատանք եւ նպատակային ծրագիր, որի իրականացումն արդեն ուշացել է։
«Երեկվա հայտարարություններն արվել են հետին մտքով, Ալիեւը սպասում է հարմար պահի, մասնավորապես՝ ԱՄՆ նորընտիր նախագահի իշխանության գալուն եւ միջազգային քաղաքականության հնարավոր փոփոխությանը, ինչպես նաեւ իրադարձությունների զարգացմանը ռուս-ուկրաինական ճակատում։ Նա շանտաժի է ենթարկում եւ չափազանց ինքնավստահություն է ցուցաբերում՝ ելնելով միջազգային իրադրությունից, զգալով Իսրայելի եւ Թուրքիայի աջակցությունը եւ կարծելով, թե պետք է դառնա արեւմտյան նախագծերի ակտոր»,- նշել է նախկին պատգամավորը։ Նա նշել է, որ Իրանը եւ Հայաստանը պետք է պարզեն քաղաքականությունը միմյանց հանդեպ։ «Հասկանալի է Երեւանի լուրջ անհանգստությունը, այդ թվում Իրանի դեմ պատժամիջոցների մասով, Իրանին հասցվող հարվածով Մերձավոր Արեւելքում, որոնք լրացուցիչ բարդություն կմտցնեն, այնուամենայնիվ, չի կարելի ձեռքերը ծալած նստել եւ հուսալ, որ իրավիճակն ինքնին կլուծվի»,- ավելացրել է Բեգլարյանը։
Նա չի բացառել, որ Ալիեւի հայտարարություններն ուղղված են նաեւ այն բանին, որ տնտղեն Իրանի տրամադրությունը եւ հասկանան՝ պահպանվել են արդյոք «կարմիր գծերը», որոնք Թեհրանն անցկացրել էր ավելի վաղ։ «Չկա հստակություն, թե ինչպես իրեն կպահի Իրանը, քանի որ հայկական կողմից կան որոշակի վերապահումներ Թեհրանի հետ հարաբերություններում։ Եթե Իրանը սպառնալիք զգա, ապա չի կարող եւ չպետք է սպասի Հայաստանի արձագանքին, իսլամական հանրապետության քայլերը կհամապատասխանեն նրա ազգային շահերին անվտանգության ոլորտում։ Բայց որքանո՞վ կարող է Իրանը օգտակար լինել Հայաստանին այն ձեւով, ինչ մենք պատկերացնում ենք՝ հաշվի առնելով տարածաշրջանի միջազգային իրադրությունն ու պայմանները»,- ընդգծել է նախկին պատգամավորը։
Նրա գնահատմամբ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը ներառում է բազմաթիվ խաղացողներ եւ շահառուներ, ուստի Իրանը, հաշվի առնելով տարբեր սցենարներ, կարող է մտածել, որ ավելի լավ է, որ ինքը դառնա այդ բանակցությունների մասնակիցը, քան եթե բացառվի դրանցից, որից հետո Թեհրանը ստիպված կլինի կանգնել կատարված փաստի առաջ։ «Սա իմ կարծիքն է, միգուցե ես սխալվում եմ»,- եզրափակել է Ռոբերտ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ սպառնացել էր Հայաստանին պատերազմով՝ կասկածի տակ դնելով խաղաղության պայմանագրի կնքումը, նաեւ նշելով, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» «պետք է եւ կբացվի»։