Իրանի զգայունությունն ու մոտեցումները Կովկասում․ Պատասխանում են իրանցի փորձագետները
Կովկասի հարցերով իրանցի փորձագետներն ընդգծում են, որ Իրանը, թեև զգայուն է տարածաշրջանային սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ ձգտում է իր հարևանների հետ արդյունավետ հաղորդակցության և տարածաշրջանային կայունության՝ առանց արտատարածաշրջանային երկրների միջամտության:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սեյյեդ Ռեզա Սադր ալ-Հոսեյնին ուրբաթ երեկոյան հեռուստատեսային հարցազրույցում անդրադարձել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի Կովկաս կատարած վերջին այցին և ասել. «Հարևանների հետ արդյունավետ շփումը Իրանի առաջնահերթություններից է, և պաշտոնական Թեհրանի պաշտոնյաների ուղեւորության թեման միանշանակ կապված է եղել այս հարցի հետ։ Իսլամական Հանրապետության վճռական գործողությունները ցույց են տալիս, որ Թեհրանը չի ընդունի աշխարհաքաղաքական ոչ մի փոփոխություն և առանձնահատուկ կերպով արժեւորում է տարածաշրջանային անվտանգության շարունակությունը»։
Միջազգային հարցերով փորձագետ Ռուհոլլահ Մոդաբերն էլ այս հեռուստահաղորդման մեջ հայտարարեց, որ պարոն Ահմադյանի վերջին այցը փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության վճռականության և եղբայրական բարեկամության ուղերձը իր հարևաններին։ Անվտանգային դիվանագիտությունը կապված չէ միայն ռազմական թեմաների հետ, ուստի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որդեգրել է երկուստեք շահեկան ուղին:
Մոդաբերն ասաց, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին հայտնեց Իսլամական Հանրապետության կարմիր գծերը և հայտարարեց, որ Իրանի պատմական սահմանը աշխարհաքաղաքական առումով չի փոխվի, և որ արդյունքը միանշանակ հիմնված կլինի բոլոր տարածաշրջանային խաղացողների միջև երկուստեք հաղթական քաղաքականության վրա:
Տարածաշրջանային գործերին արտաքին միջամտության վնասները
Սադր Ալ-Հուսեյնին նշեց. «Վնասակար գործոններից մեկը արտաքին միջամտությունն է տարածաշրջանային գործերին: Հետևաբար, եթե անգամ տարաձայնություն լինի, ապա ուրիշները չպետք է խառնվեն մեր գործերին, և Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ պատրաստ է գին վճարել տարածաշրջանի շահերի համար և (այսպես ասած) ապացուցել իր եղբայրությունը, բայց նա ոչ մի կերպ չի ընդունի սահմանային և աշխարհաքաղաքական փոփոխությունները. Ուստի Իրանի բարեկամության ու վճռականությունը հարցը լիովին ապացուցված է բոլոր հարեւաններին»։
Նա նաև նշեց․ «Հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարում մեր հնարավորություններն ու պաշտպանական հզորությունը, հարևան երկրները միանշանակ ունեն մեր կարիքը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ավագ եղբայր, կարող է իր փորձը տրամադրել իր հարևաններին, պայմանով, որ նրանք հարգեն Իսլամական Հանրապետության կարմիր գծերը»:
Իրանի ու Մոսկվայի համաձայնագիրը բխում է տարածաշրջանի շահերից
Սադր Ալ-Հուսեյնին հայտարարել է. «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը, անշուշտ, կարող է մեծ քայլեր ապահովել երկու երկրների շահերի համար: Պետք է նկատել, որ երբ խոսում ենք ռազմավարական համաձայնագրի մասին, այն կարող է լինել միայն երկու երկրների միջև, բայց դա չի նշանակում, որ տարածաշրջանի մյուս երկրները չեն կարող դրանից շահել»։
Իրանը միշտ օգնել է իր հարևաններին դժվարին պահերին
Սադր ալ-Հուսեյնին հավելել է.«Այս տարածաշրջանի սահմաններից դուրս ոմանք փորձում են մարտահրավերներ ստեղծել մեզ համար: Չկա խնդիր, որը մենք չկարողանանք լուծել Ադրբեջանի և Հայաստանի հետ»։
Մոդաբերն էլ ասաց․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կրիտիկական պահերին միշտ օգնություն է ցուցաբերել հարևան երկրներին, ինչն էլ փրկել է նրանց: Մեր տարածաշրջանը չունի օտար և արտատարածաշրջանային ուժի ներկայության ներուժը, իսկ տարածաշրջանի երկրները սա նույնպես շատ լավ հասկացել են»։