Հայաստանում արգելվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը. Այս անգամ՝ ամբողջությամբ
ՀՀ իշխանությունները նախատեսում են ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Այդ մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Դեռ 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նախատեսում է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը, քանի որ 2022-ին ընդունված մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքը անարդյունավետ էր եղել։
Նախարարությունից հայտնել են, որ շրջակա միջավայրի կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է արգելել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային պարկերի և տոպրակների ոչ միայն վաճառքը, այլև առկայությունը, ինչը վերաբերում է նաև 50 միկրոնից ավելի հաստ պոլիէթիլենային արտադրանքին։
Բացառություն կկազմեն կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված և աղբի համար նախատեսված պարկերը:
«Վերոնշյալ նախագծով նախատեսվում է արգելել նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը, ինչպես նաև առկայությունը», – հայտնել է նախարարությունը։
panarmenian.net