Բացառիկ ցուցադրություն՝ Երևանի Մատենադարանում. ներկայացվելու է Շուրիշկանի Ավետարանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i229984-Բացառիկ_ցուցադրություն_Երևանի_Մատենադարանում._ներկայացվելու_է_Շուրիշկանի_Ավետարանը
Դարեր շարունակ շատերի համար հույսի, բժշկվելու և իղձերի կատարման յուրօրինակ նմուշ դարձած Շուրիշկանի ավետարանն այսօր Մաշտոցյան մատենադարանի բացառիկ գանձերից մեկն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 07, 2025 11:59 Asia/Tehran
  • Բացառիկ ցուցադրություն՝ Երևանի Մատենադարանում. ներկայացվելու է Շուրիշկանի Ավետարանը

Դարեր շարունակ շատերի համար հույսի, բժշկվելու և իղձերի կատարման յուրօրինակ նմուշ դարձած Շուրիշկանի ավետարանն այսօր Մաշտոցյան մատենադարանի բացառիկ գանձերից մեկն է:

 Մատենադարանի Ձեռագրատան ավագ ֆոնդապահ Գայանե Խաչատրյանը նշեց, որ Շուրիշկանի ավետարանը մեծ համբավ է վայելում և հայտնի է որպես խնդրակատար-ախտահալած  ավետարան:

 Շուրիշկանի ձեռագիր Ավետարանը գրվել և նկարազարդվել  է  1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում:

Այն գրել և նկարազարդել է Բարսեղ քահանան:

Շուրիշկանի ավետարանն

Ավետարանը, որը գրվել է ավելի քան  520 տարի առաջ, շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում:

 «Ավետարանը բաղկացած է 322 թերթերից, գրված է գեղեցիկ բոլորգրով, այն պատկերազարդ է, պահպանվել են ավետարանիչների երեք մանրանկարները, կիսախորան անվանաթերթերը և զարդագրությունները:  Մեծ պատմական արժեք է ներկայացնում Ավետարանի  հեղինակի բավականին ընդարձակ հիշատակարանը, որը  տալիս է տեղեկություն ավետարանի ստեղծման բարդ և ծանր ժամանակաշրջանի և միջավայրի մասին»,- ասաց ավագ ֆոնդապահը:

Ըստ դարերից  մեզ հասած պատմությունների՝ ժողովուրդը վստահ է եղել, որ Ավետարանի սուրբ զորությունն է իրենց օգնել դժվարությունները հաղթահարելու հարցում:

 Մասնագետի խոսքով՝ Ավետարանի  համբավը տարածված է եղել  ոչ միայն հայ ազգաբնակչության շրջանում, այլև օտարազգիների:

Շուրիշկանի ավետարանն

 Շատերը զուգահեռներ են տանում հայ ժողովրդի և Ավետարանի ճակատագրերի միջև` այն  գրված լինելով Վասպուրականում, հայտնվել է Պարսկաստանում և ի վերջո վերադարձել Հայաստան:

Գայանե Խաչատրյանն ընդգծեց՝  հաշվի առնելով Ավետարանի պահանջված լինելը, 2002 թվականից մինչ օրս ամեն տարի Շուրիշկանի Ավետարանը մեկ օրով դուրս է բերվել և տարվել Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի, բայց այս տարի Մատենադարանի բացառիկ ցուցադրության շնորհիվ  Ավետարանի հանդեպ մեծ հավատ ու սեր ունեցող քաղաքացիները, մարտի 10-ից սկսած, մեկ ամիս հնարավորություն ունեն այցելելու և տեսնելու այն: