Իրանի դեսպանը այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց՝ Հատուկ հրավերով
Հատուկ հրավերով ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց է այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը մասնակցել է ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը, մշակութային լինելուց զատ, նաև լեզվի իմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։
Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։Դեսպանին դիմավորել են և միջոցառմանը մասնակից դարձել Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրինությունը, աշակերտներ։
Ըստ աղբյուրի՝ դպրոցականները հանդես են եկել Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։
Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշել է, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են և Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել լավագույնը։