Հայոց ցեղասպանության վերապրելը մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է. Փաշինյանի ուղերձը
Հայոց ցեղասպանության վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա ազգային օրակարգի առանցքային հարցերից է` անկախ նրանից, թե որքանով է ձևակերպված եղել որպես այդպիսին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ուղերձում։
Նշենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին հայ ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհվել են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածների և զանգվածային տեղահանությունների ժամանակ։
«Այս օրակարգի շուրջ կառավարության և անձամբ իմ մտորումները հանգում են հետևյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան։ Պետություն և պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի»,– նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանն այսօր գնում է հենց այդ ճանապարհով, որովհետև այսպես է վերծանում այն ուղերձը, որ հայ ժողովրդին հղում է պատմությունը։
«Հայաստանն այսօր այսպես է վերծանում ձեզնից յուրաքանչյուրի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձևավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ։ Այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու ՀՀ–ի, մեր հայրենիք–պետության հարատևությունը»,– ասված է ուղերձում։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը բաց չեն թողնի այս հնարավորությունը հանուն նահատակների և հանուն ապագա սերունդների։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
arm.sputniknews.