«Կան չարագուշակ նշաններ». Օրբանը` 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին
Միանշանակ պատասխան չկա այն հարցին` 3-րդ համաշխարհային պատերազմ կսկսվի, թե ոչ, թեև չարագուշակ նշաններ կան, իսկ ահա եվրոպական պատերազմն արդեն ընթանում է Ուկրաինայի տարածքում։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Կլինի՞ արդյոք Երրորդ համաշխարհային պատերազմ: Միանշանակ պատասխան չկա: Նախագահ Թրամփի գալուստով դրա հավանականությունը նվազել է, բայց չի անցել: Դատելով այն ամենից, ինչ ես տեսնում եմ միջազգային քաղաքականության մեջ, ամբողջ աշխարհը զգում է պատերազմի սառը կանխազգացումը։ Պետք է ասեմ, որ սառը կանխազգացումներին միշտ չէ, որ հաջորդում է փոթորիկը, բայց չարագուշակ ստվերներ կան», - ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեիլե Տուշնադ քաղաքում։
Այդ նշանների թվում նա նշել է խոշոր համաշխարհային տերությունների միջև լարվածության աճը, միջազգային հակամարտությունների թվի աճը, սպառազինությունների մրցավազքը, աշխարհը դաշինքների բաժանելը, առևտրային սահմանափակումների խստացումը և միգրացիայի ուժեղացումը:
«Համաշխարհային պատերազմի սպառնացող ստվերները տեսանելի են, բայց եվրոպական պատերազմն արդեն իրականություն է։ Եվրոպական պատերազմն արդեն կա»,- ընդգծել է Օրբանը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ դաշինքում ձևավորվում է մեծամասնություն, որը կարծում է, թե ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի ցանկացած հակամարտություն կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի և դրանից պետք է խուսափել: