Մեկնաբանություն-Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկը․ Իրավական մարտահրավերները և ընդդիմության քաղաքական խաղը
Հայաստանում «Արթուն ենք» քաղաքացիական շարժումը փորձել է խորհրդարանում ակտիվացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու գործը։ Այս շարժման անդամները խորհրդարանի բոլոր 107 պատգամավորների անունով նամակներ են փոխանցել Ազգային ժողով։ Այս շարժումը, ընդդիմադիրներից կոնկրետ քայլեր է ակնկալում վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու համար։
Այս շարժումը, որն ունի կոնկրետ քաղաքական նպատակներ, հայտարարել է, որ Փաշինյանի հեռացումը երկրում միակ հնարավոր տարբերակն է իշխանափոխություն իրականացնելու համար և անգամ ներակայացրել է Ազգային ժողովի որոշման նախագծի տեքստն ու հիմնավորումները։ Շարժումը նշում է ,որ վարչապետին անվստահություն հայտնելու հիմքն այն է, որ Փաշինյանն ու իր կաբինետը 2021-26 թվականների Կառավարության ծրագրին հակառակ են գործում:
Սակայն այս նախաձեռնությունը բախվում է բազմաթիվ իրավական մարտահրավերների։ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝վարչապետի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 1/3–ի` 36 պատգամավորի ստորագրություն։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն 34 ձայն։ Որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի Ազգային ժողով, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն, իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի: Այսինքն՝ առանց «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության որոշ պատգամավորների աջակցության միայն կարող է որոշման նախագիծ ներկայացվել, այն էլ՝ եթե նախաձեռնությանը միանան նաև խմբակցություններից հեռացված կամ դուրս եկած պատգամավորներ:
Չնայած այս խոչընդոտներին՝ «Արթուն ենք» շարժման ակտիվիստները լավատեսություն են հայտնել այս գործընթացի հաջողության վերաբերյալ՝ պնդելով, որ նախագիծը ներկայացնելուց առաջ կստանան առնվազն 60 պատգամավորների ստորագրություն։ Այս պնդումը գործնականում քիչ հավանական է, սակայն շարժման անդամները հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը միայն խորհրդարանով չի սահմանափակվի: Այն պահին, երբ խորհրդարանում մեկնարկը տրվի, իրենք գործողություններ կսկսեն նաև փողոցում:
«Հենց մեր պատգամավորները սկսեն իմպիչմենտ, ինչ-որ մեկը պատգամավորներից սկսի իմպիչմենտի գործընթաց, բնականաբար, միանգամից պետք է կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա»,հայտարարել են շարժման անդամները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ջանքերը որակել է արդեն ձախողված, իսկ կուսակցության ներկայացուցիչներից մեկը՝ Հասմիկ Հակոբյանը, ասել է, որ խորհրդարանական ընդդիմությունը նույնպես պատրաստ չէ իմպիչմենտի գործընթաց սկսել։ Նա այս շարժման իրական նպատակը համարել է հանրային աջակցությունը գրավելը և 2026 թվականի ընտրություններում իրեն որպես գլխավոր ընդդիմություն ներկայացնելը։ Նա կանխատեսել է, որ այս ծրագիրը կձախողվի։
«Հայաստան» խմբակցությունը, որը խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խումբն է, դեռևս չի հայտարարել իր պաշտոնական դիրքորոշումը։ Ասվել է, որ նրանք մտադիր են իրենց ժամանակը ծախսել ներքին հանդիպումների և հաջորդ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վրա։ Այս խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը վերջերս տարբեր հանդիպումների ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների հարցին։ Խմբակցությունը անցյալ տարի առաջ էր քաշել իմպիչմենտի հարցը, սակայն պաշտոնական նախագծի փոխարեն հրապարակել էր միայն ոչ պարտադիր բնույթ ունեցող հաղորդագրություն։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես լռել է։ Խմբակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն վերջերս հայտարարել է,-«Ունենք Փաշինյանին հեռացնելու ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակել»: Իսկ «Արթուն ենք» շարժման նախաձեռնության հեղինակները հայտարարել են ,որ մատդիր են հանդիպել երեք նախկին նախագահների՝ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ՝ կիսվելու Փաշինյանի հեռացման իրենց պատկերացումներով:
Հաշվի առնելով խորհրդարանական ընդդիմության աջակցության բացակայությունը և իշխող կուսակցության պատգամավորների ձայները շահելու անհրաժեշտությունը՝ այս նախաձեռնությունն այժմ բախվում է լուրջ մարտահրավերների և ավելի շատ նման է քաղաքական մանևրի՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ «Արթուն ենք» շարժումը ձգտում է ճնշում գործադրել կառավարության վրա և ստանալ հանրային աջակցություն, սակայն առանց ներքին լայն աջակցության՝ իրական հաջողության հավանականությունը փոքր է թվում։
Աղբյուր՝ Ռուզփլաս