Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը՝ դիտարկելով այն որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, ովքեր ներգրավված են այդ զանգվածային հանցագործություններում, և ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին պայմանավորել մարդու իրավունքների ոլորտում իրական և չափելի բարելավումներով, ներառյալ հայ պատանդների ազատ արձակմամբ։
Բեգլարյանն այդ մասին ասել է Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ։
Նա ընդգծել է նաև դիվանագիտական ճնշման անհրաժեշտությունը Ադրբեջանի նկատմամբ՝ ապահովելու արցախցիների վերադարձն իրենց պատմական հայրենիք՝ միջազգային հստակ երաշխիքների համակարգի ներքո։
«Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ իրականացրեց լիակատար ցեղասպանություն իմ ժողովրդի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Եվ սա հանկարծակի ողբերգություն չէր։ Սա միտումնավոր և մեթոդական գործողություն էր՝ արդյունավետ մարդասիրական շրջափակմամբ և սովով, ռազմական հարձակումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, մեր առաջնորդների և այլ հայրենակիցների անօրինական առևանգմամբ և բանտարկությամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ և բազմաթիվ այլ զանգվածային վայրագություններով», - հայտարարել է Բեգլարյանը։
Լսումների ընթացքում շուրջ մեկուկես ժամ քննարկվել են Ալիևի վարչակարգի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումները՝ ներառյալ Արցախի էթնիկ զտումը, 23 հայ գերիների գերեվարումը, 300-ից ավելի քաղբանտարկյալների առկայությունը, կոռուպցիան, անկախ լրագրողների դեմ հարձակումները և լրատվամիջոցների վերահսկումը։
Բանախոսների շարքում հանդես է եկել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ Գենսերը համոզմունք է հայտնել, որ Ալիևը պետք է ենթարկվի պատժի՝ Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնաճնշումների համատեքստում։ Նա շեշտել է, որ Վարդանյանի միակ «հանցանքը» եղել է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Ըստ նրա, ադրբեջանական բանտում նույնիսկ արգելվել է իր պաշտպանյալին կարդալ Աստվածաշունչ։
«Խրախուսական է, որ Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Ալիևին ասել են, որ հայ քրիստոնյա բանտարկյալները պետք է ազատ արձակվեն խաղաղության համաձայնագրի շրջանակներում: Այնուամենայնիվ, բռնապետերը երբեք բանտարկյալներին չեն ազատում, եթե նրանց միայն խնդրում են: Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում», - ընդգծել է Գենսերը։
panarmenian.net