Պարսկերենի վիկտորինան հայ-իրանական կապերի ամրապնդման ինքնատիպ միջոց է
(last modified Fri, 02 May 2025 15:13:56 GMT )
Մայիս 02, 2025 18:43 Asia/Tehran
  • Պարսկերենի վիկտորինան հայ-իրանական կապերի ամրապնդման ինքնատիպ միջոց է

Երևանի Ն. Վ. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում մայիսի 2-ին ազդարարվեց պարսկերեն լեզվի հանրապետական առաջին վիկտորինայի մեկնարկը, որին մասնակցում են Երևանի և մարզերի 15 դպրոցների աշակերտներ:

Սա Հայաստանի դպրոցներում տարածաշրջանի ժողովուրդների լեզուների ներդրման ծրագրի շրջանակում կազմակերպված առաջին միջոցառումն է:

Այն անցկացվում է «Հայաստան-Իրան. բարեկամության կամուրջ» կարգախոսի ներքո: Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին «Արմենպրես»-ին հայտնեց, որ վիկտորինայի մեկնարկը համընկել է Իրանում նշվող ուսուցչի տոնին:

Այդ կապակցությամբ նա շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց բոլոր այն ուսուցիչներին, որոնք ջանք են գործադրում պարսկերենի տարածման համար:

Նա նշեց, որ վերջին տարիներին Իրանը լուրջ ուշադրություն է դարձնում պարսկերենի տարածմանը և ամենամյա վիկտորինաները միտված են պարզելու, թե այն ուսումնասիրող աշակերտները և ուսանողները որքանով են տիրապետում այս լեզվին:

«Այս միջոցառումը հենց նման վիկտորինաներից մեկն է, որը ոչ միայն մրցակցություն է, հնարավորություն պարզելու պարսկերեն սովորող աշակերտների գիտելիքների մակարդակը, այլև ինքնատիպ կամուրջ է երկու երկրների միջև մշակութային, կրթական և պատմական կապերի սերտացման, համագործակցության զարգացման և խորացման համար»,- ընդգծեց փոխդեսպանը:

Նա նշեց, որ վիկտորինան անցկացվում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Բահրամ Թահերին հաջողություն մաղթեց միջոցառմանը մասնակցող բոլոր 75 աշակերտներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:

Բահրամ Թահերին, հիշեցնելով Իրանի և Հայաստանի բազմադարյա կապերի և համագործակցության մասին, նկատեց, որ Հայաստանում միշտ հատուկ ուշադրություն է ցուցաբերել պարսկերեն լեզվի նկատմամբ:

«Այսօր այս փոփոխական աշխարհում տեսնում ենք, որ պարսկերեն լեզուն տարածված է Հայաստանի դպրոցներում, համալսարաններում, մշակութային վայրերում, գիտահետազոտական կենտրոններում և դրա նկատմամբ հետաքրքրություն կա: Տարածաշրջանի և հարևան երկրներից մեկի լեզուն դպրոցներում դասավանդելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը, կարելի է ասել, վերջին տարիներին տեղի ունեցած դրական քայլերից մեկն է:  Դա մեծ խթան է, որը նպաստել է աշակերտների շրջանում պարսկերեն լեզվի նկատմամբ հետաքրքրության աճին»,- նշեց փոխդեսպանը՝ հավելելով, որ իր տվյալներով՝ Հայաստանում ներկայում մոտավորապես 3-4 հազար աշակերտներ սովորում են պարսկերեն:

Ըստ նրա ՝ առաջիկա տարիներին պարսկերեն սովորողների թիվը կաճի, ուստի Իրանի դեսպանատունը պատրաստակամ է ամեն կերպ, այդ թվում՝ գրքեր և ուսումնական այլ նյութեր տրամադրելով աջակցել դասավանդման կազմակերպմանը: 

Պատասխանելով Իրանում հայերենի նկատմամբ հետաքրքրվածության և փոխադարձության սկզբունքով հայերենի վիկտորինաների կազմակերպման հնարավորության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ փոխդեսպան Բահրամ Թահերին նշեց.  «Իրանում որևէ օտար լեզու սովորելու սահմանափակում չկա: Հարթակ կա, պատրաստ աջակցել ցանկացած լեզու, այդ թվում՝ հայերեն սովորել ցանկացողներին: Ընդհանուր առմամբ, իրանցի աշակերտների շրջանում չի եղել նման հետաքրքրություն հայերեն լեզվի նկատմամբ: Իհարկե, ունենք հայկական դպրոցներ, որոնցում դասավանդվում է հայերեն, այդ շրջանակում հայ աշակերտների համար կազմակերպվում են տարբեր մրցույթներ և միջոցառումներ, սակայն իրանցի աշակերտները հայերենի վիկտորինայի մասնակցելու ցանկություն, ցավոք, չեն դրսևորել:  Բայց համալսարաններում բարձրագույն կրթության մակարդակում հայերենի նկատմամբ հետաքրքրություն կա, և ունենք այն ուսումնասիրող ուսանողներ»: 

Երևանի Ն. Վ. Գոգոլի անվան 35 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ վիկտորինային մասնակցող յուրաքանչյուր դպրոց ներկայացրել է 5-ական աշակերտ: 

«Վիճակահանությամբ որոշվելու են տարբեր փուլերին մասնակցող թիմերը:   Անցկացվելու է երեք փուլ, որոնցից եզրափակիչ է անցնելու մեկական թիմ:  Այսինքն, եզրափակիչում ունենալու ենք երեք թիմ:  Նախատեսված են նաև մշակութային դադարներ:   Վիկտորինայի մրցույթային բովանդակությունն ամբողջությամբ կազմված է դպրոցական ծրագրի նյութերի հիման վրա:  Հարցերը նախապես են տրվել դպրոցներին, որպեսզի երեխաները պատրաստվելու ժամանակ ունենան:   Միայն եզրափակիչի հարցերն է պատրաստել Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը:  Դրանք ոչ թե անծանոթ նյութի մասին են, այլ սինթեզված, որոշակի փոփոխությունների ենթարկված հարցեր են: Միջոցառման նպատակն է նպաստել պարսկերենի ուսուցման զարգացմանը, ներկայացնել աշակերտների գիտելիքները և համագործակցություն ձևավորել: Մասնակիցներից ակնկալում ենք ոգևորություն, շփում, ջերմ ժպիտներ և գիտելիքների հրավառություն»,- նշեց Տաթևիկ Եսայանը՝ չբացառելով, որ վիկտորինան կարող է ավանդական դառնալ:

Նա տեղեկացրեց, որ Ն. Վ. Գոգոլի անվան դպրոցում պարսկերենը երրորդ օտար լեզուն է: Մյուս երկուսն են ռուսերենը և անգլերենը:

Բոլոր աշակերտները 5-րդ դասարանից սկսած պարտադիր սովորում են նաև պարսկերեն:

Ըստ տնօրենի՝ առայժմ իրանական դպրոցների հետ կապեր չեն ձևավորվել, սակայն նման հնարավորությունը քննարկվում է:

 Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի գծով խորհրդատու Մոհամադ Ասադի Մովահեդը միջոցառման համատեքսում իր ելույթում ընդգծեց․ «Այսպիսի վիկտորինաների անցկացումը, առողջ և գիտահեն մրցակցային մթնոլորտ ստեղծելով, նպաստում է պարսկերենի նկատմամբ հետաքրքրության խորացմանը և իրանական մշակույթի ավելի համակողմանի ընկալմանը հայ երիտասարդության շրջանում։

Հուսով ենք, որ առաջիկա տարիներին՝ ավելի համակարգված կազմակերպմամբ և դպրոցների լայն ընդգրկմամբ, միջոցառումը կանցկացվի ավելի բարձր մակարդակով»։

Նա հավելեց․ «Պարսկերենի տարածումը Հայաստանում ոչ միայն նպաստում է երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը, այլև հիմք է դնում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորացման համար»։

Հայաստանում անցկացվող պարսկերենի գիտակրթական վիկտորինան հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի ամենակարևոր ծրագրերից մեկը՝ ուղղված Թեհրանի և Երևանի միջև կրթական համագործակցության և մշակութային դիվանագիտության խորացմանը։