Մեկնաբանություն- Ինչո՞ւ է Իրանի և Հայաստանի սահմանների անվտանգությունը Թեհրանի կարմիր գիծը
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարածաշրջանի սահմանների տարածքային ամբողջականության և կայունության պահպանումն Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից է, հավելելով. «Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ազգերի միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ»։
Բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն մայիսի 20-ին Երևանում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սորեն Պապիկյանի հետ։ Ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական նշանակությունը, նա ասել է. «Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Թեհրանի ու Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, իսկ Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար»։

Անդրադառնալով Իրանում մուսուլմանների և հայերի խաղաղ համակեցությանը, Նասիրզադեն նշել է, որ դա միջկրոնական փոխազդեցության հաջողված մոդել է, հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է ամրապնդել հարաբերությունները բոլոր հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի հետ, և ոչ մի գործոն չի կարող խոչընդոտել այդ քաղաքականության իրագործմանը»։
Ողջունելով Երևան-Բաքու խաղաղության բանակցություններն Իրանի պաշտպանության նախարարն ասել է․ «Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրերի ստորագրմանը և պատրաստ է օգնել այդ գործընթացն արագացնելուն»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ գերագույն առաջնորդի հայտարարություններին, նախարարը նշել է. «Իրանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և համագործակցությունը կշարունակվի՝ հիմնվելով փոխադարձ շահերի վրա և անկախ արտաքին ուժերի ճնշումներից»։

Նասիրզադեն զգուշացրել է Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայության կապակցությամբ՝ հավելելով. «Տարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից։ Որովհետև արտաքին միջամտությունը միայն ավելի մեծ անկայունություն կառաջացնի»։
Իրանը կարևորում է Հայաստանի հետ իր ներկայիս սահմանների պահպանումը՝ անվտանգության, տնտեսական և աշխարհաքաղաքական պատճառներով։ Երկու երկրների սահմանը տասնամյակներ շարունակ կայուն է եղել, և դրա փոփոխությունը կարող է ապակայունացնել Հարավային Կովկասը։
Հայաստանը կարևոր ուղի է Իրանի համար դեպի ԵԱՏՄ և եվրոպական շուկաներ, հատկապես այն պատճառով, որ պատժամիջոցները սահմանափակել են Իրանի մուտքը դեպի այլ երթուղիներ։ Հյուսիս-Հարավ միջանցքը (Իրան-Հայաստան-Ռուսաստան/Վրաստան երկաթուղի և ճանապարհ) առանձնահատուկ տեղ ունի Իրանի տնտեսության համար և նաև շատ կարևոր առևտրային ուղի է երկրի և տարածաշրջանի հարևանների համար։
Սահմանների փոփոխությունը, հաշվի առնելով պատմական արձանագրությունը և արտաքին ուժերի կողմից ստեղծված ճգնաժամերը, կարող են հանգեցնել օտարերկրացիների ներկայության աճի և նրանց կողմից տարածաշրջանում լարվածության ստեղծման, ինչը հակասում է Իրանի շահերին։ Իրանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն կամ արևմտյան երկրները դիմեն լարվածություն և ճգնաժամ առաջացնող միջոցառումների՝ Կովկասում սահմանների փոփոխությամբ։
ԻԻՀ արտաքին քաղաքականության մյուս կարևոր սկզբունքը երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքն է։ Իրանը սահմանների փոփոխությունը համարում է միջազգային կարգին սպառնացող վտանգ։
Հայաստանի հետ սահմանների ցանկացած փոփոխություն նույնպես Իրանում համարվում է տարածաշրջանային կայունությանը, ազգային անվտանգությանը և իր տնտեսական շահերին սպառնացող վտանգ։ Թեհրանն ընդգծում է ստատուս քվոն պահպանելու անհրաժեշտությունը՝ լարվածության սրումը կանխելու համար։
Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը վկայում է այն մասին, որ Թեհրանը կարևորում է տարածաշրջանի սահմանների կայունությունն ու անվտանգությունը և դեմ է Հարավային Կովկասում սահմանների պարտադրված փոփոխություններին։ Կենտրոնական Ասիայի երկրների միջև խաղաղությունն ու կայունությունը նույնպես կարևոր են սահմանային անվտանգության ապահովման համար։ Իրանի տեսանկյունից, հաղորդակցության ուղիների պահպանումը կապահովի տարածաշրջանային անվտանգությունը և կընդլայնի Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունները։