Մայր աթոռը դատապարտել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի սադրիչ հայտարարությունները
(last modified Fri, 23 May 2025 14:29:10 GMT )
Մայիս 23, 2025 17:59 Asia/Tehran
  • Մայր աթոռը դատապարտել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի սադրիչ հայտարարությունները

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններին, որոնք հնչել են Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում։

Փաշազադեն հանդես է եկել հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված ատելությամբ և պատմական փաստերի խեղաթյուրումներով։

Մայր աթոռն անհեթեթ է որակել նրա պնդումները, թե իբր Էջմիածնի Մայր տաճարը և այլ հայկական սրբավայրեր գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում»։

«Զավեշտալի է, երբ ժողովրդի հոգևոր առաջնորդը, որի էթնոնիմն առաջացել է միայն 1930-ականներին, փորձում է վիճարկել հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի ինքնությունը և ժառանգությունը», — ասված է հայտարարությունում։

Մայր աթոռը նշել է՝ նման կեղծարարությունները վկայում են, որ իրական սպառնալիքը տարածաշրջանի համար բխում է հենց այդ մոտեցումներից։

«Սուտն ու կեղծիքը, որքան էլ կրկնվեն, չեն կարող ճշմարտություն դառնալ», — եզրափակել է Սուրբ Էջմիածինը։

Նշենք, որ ավելի վաղ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունները և այսպես կոչված «Երևանի մասնաճյուղի» ստեղծումը քննադատել էր նաև Արցախի պահպանության կոմիտեն և կոչ արել միջազգային հանրությանը չանտեսել այդ բացահայտ ատելության քարոզը։

arm.sputniknews