Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են. ՀՀ ԱԱԾ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։
«Դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է հումանիտար ոլորտում երկխոսության շարունակականության ապահովման կարևորությունը։ Հանձնաժողովների ներկայացուցիչները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհետ կորած անձանց ընտանիքների։
Հիշեցնենք` փետրվարին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:
arm.sputniknews