Կինոյի տոնը վերադառնում է. 22-րդ «Ոսկե ծիրան»-ը անակնկալներ է խոստանում
(last modified Wed, 09 Jul 2025 14:54:21 GMT )
Հուլիս 09, 2025 18:24 Asia/Tehran
  • Կինոյի տոնը վերադառնում է. 22-րդ «Ոսկե ծիրան»-ը անակնկալներ է խոստանում

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 13-20-ը, հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններից:

 Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, կինոգործիչներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին:

Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ այն մարդիկ, որոնք մասնակցում են փառատոնին, հետագայում հաջողությունների են հասնում, արժանանում են տարբեր մրցանակների։ «Շնորհակալ եմ նրանց, ովքեր կանգնած են փառատոնի կողքին։ 22 տարի փառատոն կազմակերպելը շատ բարդ է, բայց ունենք աջակիցներ, բարեկամներ, որոնք մեզ հետ են»,-ասաց նա և հավելեց՝  փառատոնի ստեղծագործական կազմը, որը հիմնականում կազմված է երիտասարդներից, շատ համարձակ է և հրաշալի ու անսպասելի հյուրերի է  հրավիրում։  Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն է։

«Այս պահին կինոյի ոլորտի մասնագետների, տարբեր գիլդիաների ներկայացուցիչների հետ քննարկում ենք կինոյի մասին օրենքի մի քանի կետի փոփոխություններ, որոնք առավել կլավացնեն օրենքն ու թույլ կտան, որ կինոարտադրությունն առավել զարգանա Հայաստանում»,-շեշտեց Դանիելյանը։ Անդրադառնալով «Ոսկե ծիրան»-ին՝ փոխնախարարն ընդգծեց՝ փառատոնի մասին խոսում են Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր փառատոնների ընթացքում, ինչը ձեռքբերում է։ Այդ գործում  մեծ դերակատարություն են ունենում  կինոյի բնագավառի ականավոր դեմքերը, որոնք հյուրընկալվում են «Ոսկե ծիրան»-ին։

Ըստ Դանիելյանի՝ «Ոսկե ծիրան»-ը եզակի փառատոն է, և այն պետք է տարածաշրջանում լավագույնը լինի՝ նպաստելով կինոարվեստի առաջընթացին։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ շուտով հավատարմագրմամբ կարող են տարածաշրջանային և համաշխարհային փառատոնային քարտեզում արձանագրել փառատոնի հաջողությունները։  «Մենք դառնալու ենք Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի կողմից հավատարմագրվող փառատոն։ Նման  փառատոնների թիվը 4 տասնյակից մի փոքր ավելի է։

«22-րդ փառատոնին զգալի է Իրանի  ներկայությունը։  «Ոսկե ծիրան»-ը վաղ շրջանից ունեցել է հայ-իրանական կինեմատոգրաֆիկ կապերի ակտիվություն, որի ակունքներում Աբաս Քիառոստամին էր։  Նա փառատոնի՝ համաշխարհային ճանաչում ունեցող առաջին հյուրերից է եղել տարիներ առաջ։  Այս տարի որպես հարգանքի տուրք Քիառոստամիին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, որոնք նա է նկարել ու նվիրել «Ոսկե ծիրան»-ին:

Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկն էլ Շառլ Անավուրի քանդակի բացման հանդիսավոր արարողությունն է, որը տեղի կունենա հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում։