Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը
«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։
Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են այլաբանական խորհրդանիշների:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին:
Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել ցուցադրության բացման կապակցությամբ:
Նրա նշմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը տարեցտարի փոփոխվում է, որը խոսում է ոչ միայն զարգացման, այլև աշխարհին համահունչ լինելու և միջազգային չափանիշներին համապատասխան՝ հայկական կինոյի դիրքավորման մասին. «Սա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային որակավորման նշանն է, ինչի մասին փաստում է նաև սիրելի մաեստրո` Ամիր Նադերիի ներկայությունը Հայաստանում: Կինոյի զարգացման ծրագիրը պետության օրակարգում է, և մենք աջակցում ու խրախուսում ենք փառատոնի կազմակերպմանը՝ ի թիվս մի քանի այլ փառատոների ու նախաձեռնությունների»:
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում կինոցուցադրություններին զուգահեռ անցկացվում են նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ, հանդիպումներ, ցուցադրություններ։«Անհայտ նպատակակետ» ցուցադրության շրջանակում անվանի ռեժիսոր` Ամիր Նադերին ներկայացրել է իրենց պատմությունները և համագործակցությունն իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի հետ՝ կիսվելով տարբեր տարիների հիշողություններով:
Ինչպես իր ֆիլմերում, այնպես էլ լուսանկարչական աշխատանքներում Քիառոստամին շեշտադրում է ճանապարհորդությունը՝ որպես կյանքի անցողիկության և բնության հավերժության հակասական հարաբերությունն ըմբռնելու գլխավոր ուղի։
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աջակցությամբ։
Լուսանկարների հավաքածուն Աբբաս Քիառոստամին անձամբ է նվիրաբերել կինոփառատոնին 2004 թվականին՝ Հայաստանում իր ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրության ժամանակ։
«Անհայտ նպատակակետ» ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը։