ՀՀ կառավարությունը հերքել է կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ` Periodista Digital կայքի հրապարակումը
Հայաստանի կառավարությունը հերքել է կասկածելի ծագմամբ Periodista Digital կայքի հրապարակումը` Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։
«Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։
Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։
Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։
Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։
Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։
Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։
Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից»,-ասված է ՀՀ կառավարության տարածած հերքման տեքստում։
Ավելի վաղ Periodista Digital կասկածելի ծագմամբ կայքը հոդված էր հրապարակել՝ կեղծ պնդում անելով, թե Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը իբր գաղտնի պայմանավորվածություն ունեն Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման, մասնավորապես Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ։
Հոդվածում նշվում է, թե իբր այդ ճանապարհը շահագործվելու է ամերիկյան մասնավոր ընկերության կողմից։
Նաև նշվում է, թե իբր այդ ճչանապարհի շահագործման եկամտի 40 տոկոսը ստանալու է ամերիկյան կողմը, իսկ Հայաստանը՝ 30 տոկոսը։
Կեղծ պնդում է արվում նաև այն մասին, թե իբր գաղտնի համաձայնագրով նախատեսվում է, որ ԱՄՆ-ն նշանակալի կոնտինգենտ է տեղակայելու Հայաստանի տարածքում ։