Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է
Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի շարունակում է կայուն աճ գրանցել։
2024 թվականին Հայաստան է ժամանել շուրջ 180 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 30 հազարով ավելի է դրան նախորդած տարվա ցուցանիշից։
2021 թվականի համեմատ՝ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Կարելի է վստահորեն ասել, որ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը տարեկան ավելանում է ավելի քան 10 տոկոսով։ 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալներն էլ վկայում են շարունակվող դրական միտման մասին։ Եթե 2024-ի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 69 հազար այցելու Իրանից, ապա այս տարի՝ արդեն 77 հազար» ,-նշեց Գևորգյանը։
Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները կարևորում են իրադարձային զբոսաշրջության դերը, որը հատկապես գրավիչ է Իրանից ժամանող այցելուների համար։
«Շատ հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հատուկ որևէ միջոցառման մասնակցելու նպատակով։ Սա խոսում է այն մասին, որ իրադարձային զբոսաշրջությունն իրական ներուժ ունի՝ տնտեսական և մշակութային առումներով»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը՝ ընդգծելով նաև գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը: