Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու, ու դա լինելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Խաղաղություն լինելու’ է։ Պատերազմ չի’ լինելու։ Ապաշրջափակում լինելու’ է։ Տնտեսական հզորացում լինելու’ է։ Տրանսպորտային կապերը բացվելու’ են։ Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու’ է։ Ու այս ամենը լինելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ Վաշինգտոնում գործող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, որն առաջինն էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման մասին, X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանությունը դուրս է եկել, իսկ եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։
«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։