Մի՛ կրակեք դաշնակահարի վրա. փորձագետը նշել է Փաշինյանի քաղաքականությանը հակազդելու ընդդիմության հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i235816
Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը չունի այս կամ այն քաղաքական գործընթացների վրա ազդելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
(last modified 2025-08-13T15:49:34+00:00 )
Օգոստոս 13, 2025 19:19 Asia/Tehran
  • Մի՛ կրակեք դաշնակահարի վրա. փորձագետը նշել է Փաշինյանի քաղաքականությանը հակազդելու ընդդիմության հնարավորությունները

Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը չունի այս կամ այն քաղաքական գործընթացների վրա ազդելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Փորձագետի կարծիքով՝ նույնիսկ միավորվելով, խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարող ազդել Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա։ Մասնավորապես, խոսքը Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին է։ «Տեսականորեն, մենք մեկ տարուց և նույնիսկ ավելի վաղ ընտրություններ ունենք։ Ընդդիմությունը, եթե ցանկանում է ազդել քաղաքական որոշումների կայացման վրա, պետք է համապատասխան քանակի ձայներ հավաքի։  Բայց դժվար թե նա կարողանա դա անել։ Համենայնդեպս, եթե նայենք այսօրվա դրությամբ», - պարզաբանել է Իսկանդարյանը։

Ըստ քաղաքագետի՝ ընդդիմությունը չունի ազդեցության այլ գործիքներ։ «Ինչ կարող են, դա էլ անում են։ Նրանք, օրինակ, համաձայն չեն իշխանության հետ։ Եվ դա նորմալ է։ Այո, ցանկացած ընդդիմություն համաձայն չէ գործող իշխանության կուսակցության հետ… Այժմ՝ օգոստոսին, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, Հայաստանի ներսում, հասարակության մեջ լուրջ բողոքներ ստեղծել... Չեմ կարծում, թե դրա համար նրանք մեծ հնարավորություններ ունեն։ Համենայնդեպս, այնպիսի բողոքներ, որոնք կկարողանային փոխել քաղաքական իրականությունը։ Այնպես որ, ինչպես ասում են՝ «Մի՛ կրակեք դաշնակահարի վրա։ Նա փորձում է անել ամեն ինչ»», - եզրափակել է փորձագետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում ստորագրվել է 7 կետից բաղկացած հռչակագիր, իսկ խաղաղության պայմանագրի նախագիծը նախաստորագրվել է, սակայն դեռ չի ստորագրվել։