ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։
Օրակարգում ընդգրկված էին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տեղեկատվական փոխգործակցության զարգացման հայեցակարգի նախագծի, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարում փոխգործակցության, փորձաքրեագիտության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման, միջպետական հետախուզում իրականացնելու վերաբերյալ իրավասու մարմինների կանոնակարգում փոփոխություն կատարելու և այլ հարցեր։
Արամ Ղազարյանն, ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության առաջնային հարցերի քննարկման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջպետական ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հարցի շրջանակում, անդրադարձել է ապօրինի թմրաշրջանառության հակազդման ոլորտում համագործակցության խնդիրներին և առաջարկել դիտարկել ոլորտային համագործակցության մեխանիզմների մշակումը՝ ինչպես «Telegram» հարթակի, այնպես էլ կրիպտոարժույթների ծառայությունների հիմնական մատակարարների հետ։
Քննարկման առարկա են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող խնդրահարույց հարցեր։ Առաջարկվել է այս ուղղությամբ ևս խորացնել համագործակցությունը, ինչպես նաև ակտիվացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի և եկամուտների օրինականացման մեթոդների և ձևերի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։
ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրակարգում ընդգրկված 12 հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ: