Ադրբեջանի ո՞ր տարածքն է Հայաստանի վերահսկողության ներքո. Ռուբեն Գալչյան
Ադրբեջանն այսօր Հայաստանից 240 քառակուսի կիլոմետր բարձրունքներ ունի գրաված, գումարած մի քանի տասնյակ կիլոմետր տարածք Տավուշում, փոխարենը։
Ադրբեջանական տարածքներից 2-3 քառակուսի կիլոմետր է, որ մեր հսկողության տակ են. դրանք վերցվել են ճանապարհը ապահովելու համար։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ։
Գալչյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի զավթած տարածքների համեմատությամբ՝Հյաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը չնչին է։
«Խոսքը Տավուշի մարզի Ոսկեպար- Կիրանց հատվածի մասին է, որը տանում է դեպի Բաղանիս և 4 անգամ մտնում է Ադրբեջանի տարածք ու դուրս գալիս։ Ուրիշ որևէ տեղ չկա, որ հայկական կողմի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ լինեն», - արձանագրել է փորձագետը։
Դիտարկմանը, թե ճանապարհի այդ հատվածի դիմաց ադրբեջանցիները հրաժարվել էին դուրս գալ Բերքաբերի 800 հա գրավված տարածքներից, արդյոք այդ փոխանակումն ավարտված չի կարելի համարել՝ Գալչյանն ասաց, որ փոխանակումը տեղի չի ունեցել, դրա համար էլ Տավուշում սահմանազատումը վերջնականապես ավարտված չէ։
«Եթե փոխանակումը լիներ՝ Ադրբեջանը մեկ մասում հողը տար մեզ, մենք էլ նրան համահավասար հող տայինք իրենց իր գրաված տարածքից, ապա խնդիրը կլուծվեր, բայց քանի որ Ադրբեջանը մինչև հիմա չէր ցանկանում խաղաղություն ունենալ՝ դա չէր ընդունում, բայց հիմա եթե իրենք համաձայնել են խաղաղություն հաստատել մեր երկրում, դրա լուծման ճանապարհներից ամենահեշտը հենց նման փոխանակումն է», - ասաց նա։
Հարցին, թե վստահ է, որ Փաշինյանը նաև անկլավների մասին չէր ակնարկում՝ Գալչյանն ասաց, որ դրանց անդրադարձ չի կարող լինել։
«Անկլավների խնդիրը բոլորովին այլ է, դեռ մի կողմ, որ այդ տարածքները ապօրինի են տրվել նրանց և ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որը կփաստի դրանց ադրբեջանական լինելը։ Ոչ Ադրբեջանում, ոչ Մոսկվայում, ոչ էլ Հայաստանում նման մի փաստաթուղթ չկա, պարզապես զինվորական շտաբը քարտեզների վրա գծել՝ տվել է Ադրբեջանին։
Մյուս կողմից էլ եթե մենք մեր Արծվաշենը, վերցնենք, ընդ որում՝ ունենք փաստ, որ այն մերն է, ապա Ադրբեջանի այդ շրջանը կաթվածահար կլինի, քանի որ այդ տարածքի գյուղերի միջև եղած ճանապարհները Արծվաշենով են անցնում։
Ադրբեջանի համար ձեռնատու չի լինի հանձնել Արծվաշենը, դրա փոխարեն երեք հատ դատարկ տարածք վերցնել Հայաստանից։ Ընդ որում՝ Արծվաշենի և այդ, այսպես կոչված՝ անկլավների տարածքները գրեթե հավասար են, տարբերությունը մեկ քառակուսի կիլոմետր է, Արծվաշենը 44 քառակուսի կիլոմետր է, իսկ գյուղերը միասին 45 քառակուսի կիլոմետր են»։
Նա նաև հիշեցրեց, որ այս հարցը լավագույնս լուծելու տարբերակը հենց փոխանակումն էր, որի մասին նաև Նիկոլ Փաշինյանն է խոսել։