Երևանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան բեռնափոխադրումների ուղի ստեղծելու նախագծին
Հեռավար ձևաչափով սեպտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՂՀ փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ:
Երկու երկրների փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, կարևորել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում, և ընդգծել առևտրատնտեսական գործընկերության ոլորտում չիրացված մեծ ներուժը:
Ըստ աղբյուրի՝ Մհեր Գրիգորյանն առանձնակի անդրադարձ է կատարել համագործակցությանը տրանսպորտի ոլորտում:
«Հայաստանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին։ Զուգահեռաբար Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է մեր երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ։ Միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը հատկապես կարևոր է Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։
Ամփոփելով խոսքը՝ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ղազախստանը կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև վստահության, հարգանքի և բարեկամության վրա։