ԲԴԽ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i237388-ԲԴԽ_նախագահն_Իրանի_արդարադատության_նախարարի_հետ_քննարկել_է_ՀՀ_արդարադատության_համակարգի_բարեփոխումները
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:
(last modified 2025-09-25T09:41:12+00:00 )
Սեպտեմբեր 25, 2025 13:11 Asia/Tehran
  • ԲԴԽ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումները

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:

 ՀՀ  ԲԴԽ նախագահն ընդգծել է բարեկամ Իրանի հետ վստահության, փոխադարձ հարգանքի հենքով ստեղծված բազմամյա հարաբերությունները, ինչի հավաստումն է նաև արդարադատության ոլորտում առկա ամուր փոխգործակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավակիրառ պրակտիկային, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին առնչվող առարկայական հարցեր։

Իրանի արդարադատության նախարարը ԲԴԽ նախագահին է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության առանձնահատկությունները։

Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանում դատավարական գործընթացներին, դատավարության ժամկետներին և դատարանների գերբեռնվածությանը վերաբերող հարցեր։

Գործընկերները անդրադաձել են նաև երկու  երկրների միջև համագործակցության հետագա ուղիների, փորձի փոխանակման և արդյունավետ երկխոսության հեռանկարներին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ինչպես նաև երախտիքի խոսքեր է հղել հանդիպման մասնակից, Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Նա շնորհավորել է դեսպանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով հետագա ձեռնարկումներում։