Ալիև․ TRIPP նախագիծն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i238128-Ալիև_tripp_նախագիծն_օգտակար_կլինի_ամբողջ_տարածաշրջանի_համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ TRIPP նախագիծն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
(last modified 2025-10-16T09:28:11+00:00 )
Հոկտեմբեր 16, 2025 12:58 Asia/Tehran
  • Ալիև․ TRIPP նախագիծն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ TRIPP նախագիծն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

«Պայմանավորվածություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ, պայմաններ են ստեղծել խաղաղության օրակարգի առաջմղման համար»,–ասել է նա, հայտնում է APA-ն։

Ալիևը կարևորել է TRIPP նախագիծը տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից, «որի իրականացման պարտավորություններ է ստանձնել Վաշինգտոնում Հայաստանը»։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։