Տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճը դրական փոփոխություն է Հայաստանի համար․ քաղաքագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i240500-Տարածաշրջանում_Չինաստանի_ազդեցության_աճը_դրական_փոփոխություն_է_Հայաստանի_համար_քաղաքագետ
Տարածաշրջանում, և ոչ միայն մեր տարածաշրջանում, Չինաստանի ազդեցության աճը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի զգալի կդառնա. Հայաստանի և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի համար սա դրական փոփոխություն է։
(last modified 2025-12-17T11:53:37+00:00 )
Դեկտեմբեր 17, 2025 15:23 Asia/Tehran
  • Տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճը դրական փոփոխություն է Հայաստանի համար․ քաղաքագետ

Տարածաշրջանում, և ոչ միայն մեր տարածաշրջանում, Չինաստանի ազդեցության աճը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի զգալի կդառնա. Հայաստանի և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի համար սա դրական փոփոխություն է։

Այս մասին դեկտեմբերի 17-ին «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդում. երկխոսություն կառավարման ոլորտում փորձի փոխանակման մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա դա բացատրել է նրանով, որ որքան շատ խաղացողներ լինեն տարածաշրջանում, այնքան ավելի հանդարտ կլինի իրավիճակը, հատկապես անկայունության և երկու հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի փակ սահմանների պայմաններում։

Իսկանդարյանը նկատել է, որ Չինաստանը դառնում է համաշխարհային խաղացող և համաշխարհային ուժ։ Նա պարզաբանել է, որ համաշխարհային ուժ է համարվում այն երկիրը, որը քո հարևանն է աշխարհի ցանկացած կետում։ «Այն, որ մենք խոսում ենք Չինաստանի հետ կապերի, չինարենի, չինական գրքերի և չինական մշակույթի մասին, հենց դրա վկայությունն է. դա ցույց է տալիս, որ Չինաստանը մեր հարևանն է», - ընդգծել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Չինաստանը տարբերվում է մյուս խոշոր ուժերից (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան) նրանով, որ չի ասում, թե դու պետք է դառնաս «փոքր Չինաստան» և ապրես այնպես, ինչպես ապրում է Չինաստանը, այլ առաջարկում է համագործակցություն կատարել։