ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
https://parstoday.ir/hy/news/armenia-i240732-ՀՀ_վարչապետի_գլխավորությամբ_տեղի_է_ունեցել_Սահմանադրական_բարեփոխումների_խորհրդի_նիստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, որին որպես հրավիրյալ մասնակցել են նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։
(last modified 2025-12-23T14:21:18+00:00 )
Դեկտեմբեր 23, 2025 17:51 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, որին որպես հրավիրյալ մասնակցել են նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։

Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց իրավական հիմնավորումները, նպատակային ուղղվածությունը և համակարգային ազդեցությունը սահմանադրական կարգի զարգացման համատեքստում։

Մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտների կայունության և գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ։

Սահմանադրական կարգավորումների վերանայմանն առնչվող հարցերի շրջանակում ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ՝ սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության, ինչպես նաև իրավական պետության ամրապնդման տեսանկյունից։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, իրականացվող աշխատանքների փոխկապակցված և ներդաշնակ կազմակերպումը՝ բարեփոխումների իրավական ամբողջականությունն ու շարունակականությունն ապահովելու համար։