ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ փոխարտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
«Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին: Ըստ էության, մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ, տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշել է Միրզոյանը։
Մաջիդ Թախթ Ռավանչին և Արարատ Միրզոյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռնվող հնարավորություններին։